ԵՄ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Իրանի հետ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Այս մասին հայտարարել է արտաքին քաղաքականության հարցերով ԵՄ ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդը՝ Ասիայի և խաղաղօվկիանոսյան եկրների հարցերով Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ՝ հայտնում է IRIB գործակալությունը։
Ընդգծելով Իրանի կարևոր դերը տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում՝ Շմիդը նշել է, որ այդ համագործակցությունը կամրապնդվի։
Իրանը դրականորեն է վերաբերվում Բրյուսելում առաջիկա հանդիպմանը աֆղանական խնդրի քննարկման հնարավորությանը՝ նշել է նա։
Հանդիպմանը, որը կկայանա առաջիկա օրերին, կմասնակցի Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։
Իբրահիմ Ռահիմպուրը իր հերթին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է առաջարկելու իր հնարավորությունները մերձավորարևելյան տարածաշրջանում ահաբեկչության և ծայրահեղականության աճող սպառնալիքի դեմ պայքարում։