ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի (Նառոդնա սկուպշտինա) նախագահ Մայա Գոյկովիչին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով Սերբիայի ԱԺ նախագահին Երևանում՝ ՀՀ արտգործնախարարն արժևորել է հայ և սերբ ժողովուրդների միջև ձևավորված պատմական, ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք լավ հիմք են հանդիսանում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մայա Գոյկովիչը նշել է, որ Սերբիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, և ինքն ուրախ է լինել Սերբիայի խորհրդարանի առաջին նախագահը, ով այցելում է Հայաստան։
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության սերտացման և միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում առավել արդյունավետ համագործակցության հարցեր։
Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։