ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածները խափանեցին Ժնևի խաղաղ բանակցությունները՝ փոխանցում է The Financial Times-ը։
Նա ընդգծել է, որ Սիրիայում կրակի անհապաղ դադարեցումն անհրաժեշտ է այս երկրում խաղաղության հաստատման դիվանագիտական փխրուն գործընթացը պահպանելու համար։
Պան Գի Մունն ընդգծել է, որ Ռուսաստանն ու Ասադի ռեժիմը չեն պահպանում ՄԱԿ-ի 2254 բանաձևը, որն ընդունվել է 2015 թվականի դեկտեմբերին։ Այդ բանաձևը կոչ է անում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծությունները և ձեռնարկել միջոցառումներ Սիրիայի ողջ տարածքում կրակի դադարեցման համար։
«Շարունակվող հարձակումները օդից՝ ներառյալ գործողություններն ահաբեկիչների դեմ, հանգեցրել են նաև զոհերի քաղաքացիական անձանց շարքում, քաղաքացիական օբյեկտների ոչնչացման»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով՝ կարևոր խնդիրների քննարկման փոխարեն՝ բանակցությունները խրվել են մանր ընթացակարգային հարցերի մեջ, թե՝ ո՞ւմ հրավիրել կամ չհրավիրել։