Բազմաթիվ հրավառություններն ու ճայթռուկները՝ ի պատիվ Չինաստանում Լուսնային օրացույցով Նոր տարվա, Պեկինում առաջացրել են թունավոր սմոգ: Այս մասին իր կայքում հայտնում է Չինաստանի մայրաքաղաքի էկոլոգիական մոնիթորինգի կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով՝ առողջության համար վտանգավոր կոշտ մասնիկների պարունակությունը քաղաքի մի շարք շրջաններում խորանարդ մետրում կազմել է 750 միկրոգրամ, ինչը 30 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երաշխավորված նորմային: Նշվում է, հատկապես ծանր իրավիճակ է գրանցվել քաղաքի հարավային մասում:
Քաղաքի իշխանությունները երեխաներին, տարեցներին և շնչուղիների հիվանդությամբ տառապող անձանց խորհուրդ են տվել խուսափել երկար ժամանակով փողոցում մնալուց: