Հունան Մխիթարյանը 50 տարեկան է: Ժպիտը մշտապես աչքերում այս փոքրամարմին տղամարդը 11 երեխայի հայր է:
11 զավակ: Բոլորից ավագը ամենափոքրից մեծ է ուղիղ 20 տարով: Ծնողները բոլորին հավասար սեր ու հոգատարություն են բաշխում, բայց ինչպես բոլոր ընտանիքներում, այստեղ ևս, փոքրն իր առավելությունն ունի:
Ավագ դուստրերը մայրաքաղաքում են փորձում կառուցել իրենց կյանքը, իսկ ավագ որդին ծառայում է բանակում: Մնացածը շրջապատում են ծնողներին: Ցերեկը օգնում են առօրյա գործերում, դասերն են անում, իսկ երեկոյան տունը վերածում իսկական մարտադաշտի:
Բոլոր զավակներին արժանավայել կյանքով ապահովելու համար ընտանիքի հայրը չունի ամենաանհրաժեշտը՝ աշխատանք: Եթե ժամանակին մեկնում էր արտագնա աշխատանքի, այժմ դրա հնարավորությունն էլ չունի: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը նպաստն է:
Աշխատանքի մասին խոսելիս Հունանն առանց շունչ առնելու է ներկայացնում իր հնարավորությունները: Հավաստիացնում է, որ ձեռքից ամեն ինչ գալիս է: Աշխատանքի մեջ չի զլանում, միայն թե գործ լինի. 11 երեխա իր ձեռքին են նայում։
Գարնան գալուն պես, երբ սկսվում են հողագործական աշխատանքները, նա գյուղացիների հողերում է աշխատում՝ դրա դիմաց համապատասխանաբար վճարվելով։
Նրա համար կարևոր է զավակների երջանկությունը: Գիտի բոլորի նախասիրություններն ու ցանկությունները: Հոգևորականից մինչև բժիշկ ու նկարիչ՝ բոլորը հաշտ ու համերաշխ հենց այս հարկի տակ են ապրում:
Տիկին Անահիտը զավահկենրի համար ամենաապահով վայրը գյուղում է տեսնում: Կապված են Մրգաշենի հողուջրին: Միայն թե պետական այրերի ուշադրությունը գյուղերի ուղղությամբ էլ մի քիչ լինի: Զարգացման ու մշակույթի կենտրոններ ստեղծեն գյուղերում։
Տունը, որում ապրում են, խնդիրներ ունի. տանիքն է կաթում, գազաֆիկացված չէ: Իսկ երեխաների համար երազանք են մնում համակարգիչն ու ինտերնետը: