Կարո՞ղ եք հիշել՝ քանի անգամ են երկրի նախագահն ու կառավարության ղեկավարը գյուղատնտեսությունը հռչակել գերակա ճյուղ, թե՝ գյուղն ու գյուղացին իշխանության խոշորացույցի տակ են: Կարո՞ղ եք հիշել, թե քանի անգամ է գյուղնախարարը հորդորել գյուղացիներին մեծացնել արտադրության ծավալները:
Այցելեցինք այդ կոչին ականջալուր դարձած այս ֆերմերի ջերմատուն, ում բազում դժվարությունների գնով հաջողվել է մեխակ աճեցնել և կանգնել դրա իրացման խնդրի առաջ:
Այսպիսի մեխակ աճեցնելը պահանջում է անքուն-անդադար ջանքերի գործադրում: Ծաղիկն աճեցնում են զրոյից, պարարտացնում, սնում և վաճառում չնչին գումարով: Ամռանն այս ծաղիկները ջերմատնից դուրս են գալիս 10-20 դրամով:
Ջերմատան սեփականատերը ջերմոցի ջեռուցման համար գազից իսպառ հրաժարվել է: Դեռ նախորդ տարվանից աստղաբաշխական թվեր են պարտք «ՀայՌուսգազարդ»-ին: Քիչ-քիչ մարում են պարտքը, երբեմն նույնիսկ վարկի օգնությամբ: Այժմ ջերմությունն ապահովում են փայտով: Խիղճները հանգիստ է, «ՀայՌուսգազարդ»-ի պես մեկ գիշերում գազն անջատելու և բերքը ներսում ցրտահարելու վտանգից գոնե զերծ են:
Իրենց արժեքով տեղական ծաղիկներն անմրցունակ են շուկան հեղեղած թուրքական մեխակների պատճառով
Ջերմատունը առայժմ հնարավոր չէ հագեցնել նորագույն տեխնոլոգիաներով՝ հնարավորություններն առայժմ չեն ներում:
Այնուամենայնիվ, շարունակում են աշխատել ու հողը պարապ չթողնել: Եթե սա էլ չանեն՝ հացի կարոտ կմնան: