Դեմքով դեպի գյուղն ու գյուղացին շրջվելիս գյուղատնտեսությունը գերակա ճյուղ հռչակելու ճանապարհին կառավարությունն առաջին քայլով որպես օգնություն սկսեց շռայլել գյուղատնտեսական վարկերը: Սակայն առաջին հայացքից փրկօղակ թվացող օգնությունն իրականում դարձավ խեղդօղակ: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ Ազգային ժողովում բարձրացրեց վաղուց հայտնի ճշմարտությունը, որ 100-ից հարյուր գյուղում գյուղացիների 90 տոկոսը վարկային տարբեր պատմությունների ու խնդիրների «զոհեր են»:
Եթե թակեք գյուղացու դուռը, բանկային անհաջող պատմությունների «շնորհիվ» ձեր առջև այդ դուռը կբացի ոչ թե տանտերը, այլ նախկին տանտերը կամ ժամանակավոր բնակիչը: Վարկից վարկ փակելով՝ գյուղացիներից շատերը կորցնում են իրենց ունեցվածքն ու տները:
Այն վարկերը, որոնք սուբսիդավորման պայմանով տրվում են գյուղացուն, դրանք ուղտին գդալով ջրելու պես մի բան են, քիչ են և չեն նպաստում գյուղատնտեսության զարգացումը տնտեսության գերակա ճյուղ հռչակված նպատակին:
Այն, որ գյուղատնտեսական վարկերը Հայաստանում չափազանց թանկ են՝ փաստ է։ Դրանք երբեմն հասնում են տարեկան մինչև 18-24 տոկոսի: Թանկ գյուղական վարկերը բանկերը պայմանավորում են դրանց բարձր ռիսկայնությամբ, ինչը միանշանակ այդպես է։ Այդ պատճառով էլ բռնագանձումների մեծ մասը բաժին է ընկնում հիմնականում նման վարկային տեղաբաշխումներին։ Սակայն իրավիճակը շատ իմաստներով պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։ Ստիպված թանկ փող վերցնելով՝ գյուղացիները հաճախ չեն կարողանում ժամանակին վերադարձնել դրանք։
Բայց, պարզվում է, ցանկության դեպքում կարելի է գյուղատնտեսությանը տրամադրել շատ ավելի էժան վարկային ռեսուրսներ: Ինչպես է Համաշխարհային բանկի ընդամենը 0.7 տոկոսով տրամադրած վարկը գյուղացուն հասնում 12-14 տոկոսով: Ինչ հրաշք է կատարվում, որ ընդամենը բանկից գյուղացուն հասնելու ճանապարհին տոկոսն այդպիսի թափ է առնում:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ լուծումը կա, և այն մեկն է. վերահսկել, որպեսզի գյուղացուն տրամադրվող վարկերը տրամադրվեն հենց գյուղատնտեսական նպատակների համար:
Բազմաթիվ վարկերի թերի կատարման պատճառով շատ վարկային կազմակերպություններ արդեն իսկ հրաժարվում են վարկավորել գյուղացիական տնտեսություններին: Տարվա գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն սկսելիս շատ գյուղացիներ այդպես էլ չեն կարողանա նոր վարկ ստանալ՝ հողը պարապ չթողնելու համար: