ՆԱՏՕ-ն մտադիր է հաստատել իր զորքերի թվի ավելացումը արևելյան թևում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով դաշինքի և ԱՄՆ ներկայացուցիչներին:
Պարբերականի տեղեկությամբ՝ ըստ ամենայնի, հենց այդպիսի որոշում կընդունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ իրենց հանդիպման ժամանակ: Միաժամանակ, զորքերի ստույգ թիվը և այն, թե քանի զինծառայող կտրամադրի յուրաքանչյուր երկիր, կորոշվի այս տարի ավելի ուշ:
Այդ քայլը կվերաբերի Լիտվային, Լատվիային և Էստոնիային, նաև Լեհաստանին, նշում է WSJ-ը: Reuters գոծակալությունը, իր հերթին, հայտնում է, որ դաշինքը մտադիր չէ Լեհաստանում տեղակայել իր մշտական ռազմաբազաները՝ չնայած այդ երկրի խնդրանքներին:
Գործակալության տեղեկությամբ՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ծրագրված ավելացումը հավանաբար կլինի ամենամեծը սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Իրենց արևելյան թևն ամրապնդելու մտադրությունը դաշինքում բացատրում են Ռուսաստանի գործողություններով, մասնավորապես՝ Ղրիմի բռնակցմամբ պայմանավորված անհանգստությամբ: