Էկվադորի կառավարությունը Թուրքիայի իշխանություններին բողոքի նոտա կուղարկի` կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների գործողությունների հետ, նրա Կիտո այցելության ժամանակ: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոն, հայտնում է TASS-ը:
«Մենք կգործենք սահմանադրական կարգի և Էկվադորի ինքնիշխանության պաշտպանության նպատակներով: Մենք բողոքի նոտա կուղարկենք և կսպասենք թուրքական կողմի պատասխանին և բացատրությանը»,- նշել է նախարարը:
Հինգշաբթի ուշ երեկոյան Էկվադորի Ազգային բարձրագույն հետազոտությունների ինստիտուտում Էրդողանի ելույթի ժամանակ մի խումբ մարդիկ ոտքի են կանգնել և սկսել են քուրդ ժողովրդին աջակցող բացականչություններ անել: Ոմանք Էրդողանին կոչ են արել պաշտոնից հեռանալ: Էկվադորի ոստիկանությունը փորձել է մեկուսացնել մասնակիցներին, սակայն այդ պահին խառնվել են Էրդողանի թիկնապահները: Նրանք ոլորել են բողոքողների ձեռքերը և հարվածներ հասցնելով դուրս են բերել դահլիճից:
Պատինյոն Էրդողանի թիկնապահների գործողությունը անվանել է «բացարձակապես անտեղի» և ասել, որ «Էկվադորում գործում է խոսքի ազատությունը, և Թուրքիայի անվտանգության ծառայության ներկայացուցիչները չպետք է հանդես գային նրանց դեմ, ովքեր օգտվում են դրանից»: