ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում ավիահարվածների հետևանքով կանանց ու երեխաների զանգվածային մահվան մեջ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Քերիի խոսքով՝ Ռուսաստանը կիրառում է չկառավարվող ռումբեր, որոնք ընկնում են խաղաղ բնակչության վրա։
«Դա պետք է դադարեցվի»,- հայտարարել է Քերին։
Նա նաև հայտնել է Սիրիայում կրակի դադարեցման անհրաժեշտության մասին։
«Ռուսաստանը ներկայացրել է կրակի դադարեցման կառուցողական առաջարկներ, սակայն եթե դրանք միայն խոսակցություններ են խոսակցությունների համար, որոնք ուղեկցվում են ռմբակոծություններով, ոչ ոք դրանց չի համաձայնի»,- ասել է պետքարտուղարը։
Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություն է սկսել սեպտեմբերի 30-ին։ ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ավիահարվածների թիրախը ահաբեկչական կազմակերպությունների դիրքերն են։