Հայաստանի կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման վերաբերյալ։ Ծրագրի նպատակն է օժանդակություն տրամադրել Հայաստանի կառավարության աշխատակազմին` ի կատար ածելու 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը, որի համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի կառավարությանը արդեն իսկ 750 հազար դոլար արժողությամբ դրամաշնորհ էր տրամադրել։ Ներկա պահին ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 806.390 ԱՄՆ դոլար, որից ԱՄՆ ՄԶԳ կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 749.110 ԱՄՆ դոլար, և ևս 57․280 ԱՄՆ դոլար տրամադրվել է որպես դրամաշնորհ։ Չնայած միջազգային կառույցների կողմից տրամադրվող այս միջոցների, հանրությունը այդպես էլ որևէ գործնական քայլ չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարում։ Նախօրեին այդ հարցը ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում բարձրացրեց նաև անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը՝ նկատելով, որ մեկ տարվա ընթացքում հակակոռուպցիոն խորհուրդը ընդամենը 2 նիստ է գումարել։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց նկատառումների հետ։
Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ անկախ ամեն ինչից միջազգային կառույցները տրամադրելու են այդ միջոցները և միակ ճանապարհն այն է, որ մոնիթորինգի ենթարկվի հակակոռուպցիոն խորհրդի գործունեությունը և այդ մշտական մոնիթորինգներով ստիպի խորհրդին աշխատել։
Այլ տարբերակ չկա՝ ասում է Մարուքյանը, հակառակ դեպքում տրամադրված միջոցներն անարդյունավետ կվատնվեն և կրկին մենք կկանգնենք նույն խնդրի առաջ։
ԱԺ անկախ պատգամավորի խոսքերով՝ ի սկզբանե անվստահություն կար այդ խորհրդի նկատմամբ, բայց մենք այլընտրանք, ըստ էության չունենք, և տեսնում ենք, որ միջոցները միջազգային կառույցները տրամադրում են հենց կառավարության հակակոռուպցիոն խորհրդին։ Հետևաբար, միակ տարբերակը մնում է խորհրդի աշխատանքը խոշորացույցի տակ պահելը։