ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առթիվ։
2016 թվականի հունվարի 24-ին՝ ժամը 08։35-ին, «Նուբարաշենի» հոգեբուժական կլինիկայից ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 8:00-ի սահմաններում, կլինիկայի 6-րդ բաժանմունքի 4-րդ խցում սավանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել փորձաքննության մեջ գտնվող Ս.Վարդազարյանը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, դեպքի առթիվ փետրվարի 3-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, քննություն է տարվում` պարզելու համար Ս.Վարդազարյանի մահվան բոլոր հանգամանքները: