Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, նախօրեին այցելելով Հայ ազգային կոնգրես կուսակցության գրասենյակ և հանդիպելով ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ, արել է բավականին ուշագրավ հայտարարություն: Նա ասել է, որ ԱՄՆ դեսպանատունը շարունակում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ աշխատանքը բոլոր քաղաքական ուժերի հետ, հանուն ժողովրդավարական զարգացումների: 2017 թվականի ընտրություններին ընդառաջ դա, փաստորեն ԱՄՆ դեսպանության երկրորդ կարևոր և առանցքային հայտարարությունն է: Առաջինը, հիշեցնենք՝ հաջորդել էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որից հետո ԱՄՆ դեսպանատունը հայտարարեց, որ եթե իշխանությունները չկատարեն խախտումների պատշաճ քննություն, ապա ԱՄՆ դեսպանատունը իր մասով իրեն իրավունք կվերապահի դեսպանատան ծրագրերի մասնակցությունից զրկել անձանց, որոնք առնչություն ունեն խախտումներին:
Այսինքն՝ սա ըստ էության, հայտարարություն էր այն մասին, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի ընտրակեղծարարների հանդեպ: Իհարկե, անորոշ է, թե հատկապես, դրանց որ շերտի՝ անմիջական կատարողների, թե հրամանատարների: Սակայն, սա իհարկե, հետագա մարտավարության հարց է, իսկ ռազմավարական հայտարարությունը հնչել է և այն անկասկած արդեն հնչել է ավելի շատ 2017-ի հեռանկարով, քան սահմանադրական հանրաքվեի հետ հայացքով: Եվ ահա հնչում է երկրորդը՝ ԱՄՆ-ն հայտարարում է, որ 2017-ի համար աշխատում է բոլոր քաղաքական ուժերի հետ: Նախ, այս հայտարարությունն ամերիկյան քաղաքական մշակույթին բնորոշ հայտարարություն է իր բացության իմաստով: Եվ հատկապես հայաստանյան քաղաքական դաշտում առկա փակ և կոնսպիրատիվ ավանդույթների պարագայում, երբ քաղաքական ուժերը տարատեսակ քննարկումների մեջ են լինում, սակայն, որևէ բան չեն հայտնում այդ մասին հասարակությանը: ԱՄՆ դեսպանը փաստորեն հստակ ներկայացնում է նպատակն ու աշխատանքը, առաջին հերթին հենց կոնսպիրատիվ մանիպուլյացիաներից զերծ պահելու և այդպիսով գործընթացը զուտ քաղաքական տեսանկյունից, հայաստանյան ժողովրդավարական զարգացումներին նպաստելու տեսանկյունից հնարավորինս զերծ պահելով շահարկումներից, որ կարող էին լինել դեսպանի հանդիպումների կապակցությամբ:
Այս հանգամանքը, ըստ էության ստեղծում է լիովին բաց մի իրավիճակ, որը նաև Հայաստանի քաղաքական ուժերին հնարավորություն կտա հանուն արդար և ազատ ընտրությունների առավել անկաշկանդ, բաց և կարևորը՝ զանազան կասկածամիտ մեղադրանքներից ու շահարկումներից չկաշկանդված աշխատել ամերիկյան կողմի հետ, ինչն ահռելի ռեսուրս է Հայաստանում ժողովրդավարական, իրավական զարգացումներ խթանելու համար: Իսկ ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն փաստորեն ազդարարում է, որ 2017 թվականի ընտրություններն իր համար ունեն առանձնահատուկ նշանակություն, հետևաբար պետք է ենթադրել նաև, որ դրանց հանդեպ ամերիկյան արձագանքը ևս կլինի առանձնահատուկ:
Դժվար է ասել, թե ինչով, ինչպես կարտահայտվի դա, սակայն այն, որ ընտրություններից դեռ մեկ տարի առաջ նման երկու կարևորագույն մեսիջներով ամերիկյան կողմն ընդգծում է իր հետաքրքրությունն ու այս առումով բաց աշխատելու, հետևաբար մանիպուլյատիվ ներգործությունից առավելագույնս պաշտպանված լինելու ձգտումը, արդեն իսկ հանդիսանում է հայաստանյան իշխանական համակարգին ուղղված կարևոր քաղաքական ազդակ: Հատկապես նոր իրավիճակում, երբ տեղի են ունենում աշխարհաքաղաքական բեկումնային փոփոխություններ, որոնք անկասկած իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանային ազդեցության հարցում ուժերի հարաբերակցության վրա: