Իրանում ընթացող Ֆերդոսի 6-րդ բաց միջազգային մրցաշարի 8-րդ տուրում գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը կրկին հաղթանակներ են տոնել:
8-րդ տուրում Գրիգորյանի մրցակիցը իրանցի Մասուդ Մոսադեփուրն է եղել, իսկ Գաբուզյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Վուգեր Ռասուլովին: Արդյունքում, հայ շախմատիստները նվաճած 6,5-ական միավորով վեր են բարձրացել միցաշարային աղյուսակում և զբաղեցնում են, համապատասխանաբար 5-րդ և 6-րդ հորիզոնականները:
Հայ շախմատիստները առաջատարներից հետ են մնում 0,5 միավորով: Մրցաշարային աղյուսակը շարունակում են գլխավորել Ռուսաստանը ներկայացնող Պավել Մալետինը և Մաքսիմ Չիգաևը:
Հիշեցնենք, որ այս տարի մրցաշարին մասնակցում են 12 երկրի 150 շախմատիստ, որոնցից 14-ը գրոսմայստերներ են: