Առողջապահության նախարարությունում նոր պաշտոնանկություններ կլինե՞ն, թե՞ ամեն ինչ կավարտվի երկու փոխնախարարների հրաժարականով: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
– Նոյեմբերի 4-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը սուր քննադատության ենթարկեց կրթության եւ գիտության ու առողջապահության նախարարներին: Որքանո՞վ է դա շաղկապված առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանի եւ Աբրահամ Մանուկյանի հրաժարականների հետ:
– Վարչապետի քննադատությունները շաղկապված են բոլորիս հետ, դրանք բոլորիս են վերաբերում:
– Ինչո՞ւ կադրերի հեռացումը սկսվեց ոչ թե Կրթության եւ գիտության նախարարությունից, այլ Առողջապահության նախարարությունից:
– Ես գտնում եմ, որ այդ հարցն ինձ ուղղելը նպատակահարմար չէ, հետեւաբար չեմ կարող այդ հարցին պատասխանել:
– Կարծիք կա, որ կոռուպցիան ընդամենը պատրվակ է, եւ վարչապետի քննադատության իրական թիրախը ոչ թե Ձեր ղեկավարած գերատեսչությունն է, այլ այն կուսակցությունը, որին Դուք անդամակցում եք: Կարելի՞ է ասել, որ ընտրությունների նախաշեմին հանրապետականները դուրս են եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ:
– Ո՛չ:
– Իշխանական մեր աղբյուրները նշում են, թե ստեղծված իրավիճակը պայմանավորված է նրանով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է մարդկանց անվճար բուժօգնություն տրամադրելու ծրագիրը: Այնինչ այս ծրագիրը ընտրություններից առաջ ցանկանում են միայն հանրապետականներն իրականացնել:
– Այստեղ ոչ մի նոր բան չկա. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամեն օր է նման միջոցառումներ իրականացնում: Այսինքն` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ինչ-որ արտասովոր նոր ծրագիր չի իրականացնում, եւ բոլորը գիտեն այդ մասին:
– Առողջապահության նախարարությունում նոր պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են, թե՞ կադրային փոփոխությունները կավարտվեն փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանի եւ Աբրահամ Մանուկյանի հրաժարականներով:
– Միայն ժամանակը ցույց կտա: