Starslife.ru-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն թեև շաբաթվա վերջին տուն է տարել SAG մրցանակը, այնուամենայնիվ՝ նա նաև բողոքի նոտա է ստացել Թոքաբանների ամերիկյան ասոցիացիայից (American Lung Association)՝ կապված էլեկտրոնային ծխախոտ ծխելու հետ, որը դերասանը շաբաթ երեկոյան շարունակ չի հանել բերանից։
Լոս Անջելեսում ընդհանրապես արգելված է հասարակական վայրերում էլեկտրոնային (ինչպես նաև սովորական) ծխախոտ ծխելը, սակայն օրենքը տարօրինակ կերպով չի տարածվում բեմահարթակների վրա, և ըստ ամենայնի՝ դրա համար էլ որևէ մեկը չի փորձել Լեոյին արգելել անել դա։
Թոքաբանների ամերիկյան ասոցիացիան, սակայն, Լեոյին զգուշացրել է, որ էլեկտրոնային ծխախոտը սովորական ծխախոտից հետո թոքերի քաղցկեղի զարգացման երկրորդ խոշոր վտանգն է։ Նախևառաջ այն թունավորում է հենց Լեոյին, և երկրորդ՝ Լեոն դրանով իսկ քողարկված քարոզչություն է իրականացնում իր երկրպագուների շրջանում։
Լեոնարդո Դի Կապրիոյի ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանել այդ միջադեպը։