Հարավային Կովկասի ու Մերձդնեստրի հակամարտությունների լուծմանն ուղղված քայլերը լուրջ մարտահրավերներ են եղել Ղազախստանի համար ԵԱՀԿ նախագահության ընթացքում: Ինչպես գրել է «Կազախստանսկայա պրավդա» թերթը, այդ մասին Еuronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Ուրախ եմ արձանագրել որոշակի առաջընթաց` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում: Սույն թվականի նոյեմբերին առաջին անգամ վերջին 5 տարիների ընթացքում կայացել է ԵԱՀԿ հովանու ներքո մի շարք միջազգային փորձագետների այցը Լեռնային Ղարաբաղ` տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար», – ասել է Նազարբաևը:
«Ողջունում ենք նաև նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը, որով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի օգնությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվեցին փոխանակել ռազմագերիներին ու զոհվածների աճյունները», – ասել է Ղազախստանի նախագահը: