Թուրքական պարբերականներն այսօր անդրադարձել են Վրաստանում ուրանի մաքսանենգության հարցով ձերբակալվածների թեմային: Հարստացված ուրանի մաքսանենգության համար Վրաստանում ձերբակալված երկու հայերը բազմաթիվ անգամ Թուրքիա են այցելել, քանի որ խոսակցություններ կան, թե ուրանի սեւ բորսան Թուրքիայում է, գրել է թուրքական Milliyet-ը՝ հղում կատարելով Վրաստանի միջուկային զենքի տարածման դեմ պայքարի բաժնի պետ Արշիլ Պավենիշվիլիին։
Թուրքական Sabah-ը եւս, վկայակոչելով Պավենիշվիլիին, նշել է, թե հայ մաքսանենգները ցանկացել են ուրանը տեղափոխել Թուրքիա՝ վաճառելու նպատակով։
Ինչպես տեղեկացրել էր «Առաջին լրատվականը»` օրերս միջազգային հեղինակավոր մի շարք պարբերականներ հրապարակել էին տեղեկություններ այն մասին, որ Հայաստանի երկու քաղաքացիներ փորձել են մարտ ամսին բարձր հարստացված ուրան վաճառել մարդկանց:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ապրիլին Վաշինգտոնում հայտնել էր, թե վրացական հատուկ ծառայությունները բացահայտել են եւ խափանել գերհարստացված ուրանը իսլամական ծայրահեղական խմբավորմանը վաճառելու դավադրությունը:
Հայաստանի երկու քաղաքացիներ՝ գործարար Սմբատ Տոնոյանն ու ֆիզիկոս Հրանտ Օհանյանը, մեղսակից են մաքսանենգությանը: Երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել: Նրանք մաքսանենգ ճանապարհով 18 գրամ բարձր հարստացված ուրան էին տեղափոխել Երեւան-Թբիլիսի գնացքով` սիգարետի տուփի մեջ: Մաքսանենգները մտածել են, որ գործ ունեն իսլամական ծայրահեղականների հետ, սակայն դրանք իրականում եղել են վրացական հատուկ ծառայությունների աշխատակիցներ: Առգրավված ուրանը հարստացված է եղել մինչեւ 89,4 տոկոս եւ, հետեւաբար, կարող էր օգտագործվել ատոմային մարտագլխիկի մեջ։