Friday, 29 03 2024
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը

Պետք է պատրաստ լինել ռուս-թուրքական բոլոր տեսակի զարգացումներին՝ փլատակների տակ չմնալու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

Պարոն Շահնազարյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին տարածված այն տեղեկատվությունը, որ փակ  քննարկումներ են տեղի ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսում, որին ակտիվորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

– Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել. մենք վաղուց գիտեինք, որ այս փակ քննարկումը պետք է տեղի ունենա, արդյունքները նույնպես ավելի քան կանխատեսելի էին: Ես առիթ եմ ունեցել Բեռնի հանդիպումից հետո ասելու, որ Միացյալ Նահանգները գերակայություն է համարում ԼՂ հակամարտության շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի վրա կայունության ապահովումը: Առաջարկները հայտնի են, հիմնականում 3 կետեր են՝ տեխնիկական միջոցներ տեղակայել ողջ շփման գծի և սահմանի վրա, ԵԱՀԿ դիտորդական խմբի քանակը էապես մեծացնել և հետո անցկացնել խախտումների հետաքննություն: Ես նշել եմ, իհարկե, որ Ադրբեջանը դրան դեմ է. այդ մասին համանախագահները հայտարարեցին Բեռնի հանդիպումից հետո:

Այսօրվա հանդիպումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները շատ լուրջ է իր այդ ծրագրում, որը ամբողջովին համապատասխանում է թե պաշտոնական Երևանի, թե պաշտոնական Ստեփանակերտի քաղաքականությանը, ինչի մասին բազմիցս նշվել է:

– Նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Կարասինը ասել էր, որ մենք չենք կարող անտարբեր մնալ…

– Ես լրիվ այլ կերպ կմեկնաբանեմ Կարասինի ասածը. շատ մտահոգիչ մեր՝ հայկական կողմի համար: Հունվարի 2-ին նրա տված հարցազրույցի վերջին մասն ամբողջովին վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին: Սա ուղղակի ուղերձ էր՝ առաջին հերթին ուղղված Ադրբեջանին. այն է՝ Ռուսաստանը չի պաշտպանում այն ծրագիրը, որ փորձում է իրականացնել Միացյալ Նահանգները: Ուշադրություն դարձնենք այդ հարցազրույցում մի հատվածի վրա. Կարասինն ասում է. «Կողմերը պետք է պահպանեն ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի վերաբերյալ»: Հաջորդ նախադասությամբ խոսում է Բեռնի հանդիպման մասին և ասում է, որ քննարկվեց շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի վրա լարվածության մեծացման հարցը, և այնուհետև ասում է, որ իրենք վստահ են, որ այդ խոսակցությունը կայունացնող ազդեցություն կունենա: Այսինքն՝ ասում է՝ ոչինչ պետք չէ անել: Այսինքն՝ այն ողջ ծրագրի մասին, որը նախատեսում է Միացյալ Նահանգները՝ Ֆրանսիայի աջակցությամբ,  որևէ խոսք չկա, և ասում է, որ այդ խոսակցությամբ պետք է բավարարվեն: Եվ այնուհետև նույն հարցազրույցում նա խոսում է քաղաքական, խաղաղ կարգավորման մասին. Ըստ էության այն, ինչ փորձում է անել Ադրբեջանը, որպեսզի այս գործընթացից, որով զբաղված է Միացյալ Նահանգները, շեղի Մինսկի խմբի եռանախագահությանը: Դա շատ մտահոգիչ է, քանի որ այն բացահայտ, հրապարակային ուղերձ էր թե՛ Վաշինգտոնին՝ որ մենք ձեզ հետ համաձայն չենք՝ չնայած այն հանգամանքին, որ ռուսաստանցի համանախագահը նույնպես իր ստորագրությունը դրել էր Բեռնի հանդիպումից հետո եռանախագահողների հայտարարության տակ, թե՛ պաշտոնական Բաքվին: Կարծում եմ նաև՝ այդ հրատապությունը՝ կապված հունվարի 2-ի հետ, կապված էր նաև այն հանգամանքի հետ, որ նախագահ Ալիևը հրավիրվել է Վաշինգտոն՝ մարտի 31-ին և ապրիլի 1-ին  միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Կարծում եմ, որ ռուսները լուրջ մտավախություն ունեն, որ Ալիևի վրա արդեն այնտեղ ուղղակի ճնշում կգործադրվի, և այս իմաստով կարծես թե քաջալերվում է Ադրբեջանին, որ սա է մեր դիրքորոշումը:

– Ակնհայտ է, որ այդ գագաթնաժողովին կհրավիրվի հավանաբար նաև Հայաստանի նախագահը:

– Իհարկե, կասկած չունեմ:

– Նախորդ գագաթնաժողովին ևս Հայաստանի նախագահը հրավիրված էր, որի շրջանակներում նույնիսկ տեղի ունեցավ Էրդողանի հետ հանդիպում: Այդ ժամանակ հայ-թուրքական գործընթացը դեռ շատ ակտիվ էր:

– Ես իսկապես չեմ բացառում, որ ԱՄՆ-ում փորձ կարվի մեկ անգամ ևս Սերժ Սարգսյանի և Ալիևի միջև հանդիպում նախապատրաստել: Ես դեռևս վստահ չեմ, որ Ալիևը գնալու է, շատ դժվար է լինելու մերժելը, բայց կարծում եմ, որ նա հասկանում է, թե ինչ է իրեն այնտեղ սպասվում:

Դա կախված կլինի նաև հակաամերիկյան սանկցիաների վերաբերյալ Միլլի Մեջլիսում հնարավոր…

-Միացյալ նահանգներն արդեն կործանվեցին, հենց որ Ադրբեջանն այդ պատժամիջոցներն սկսեց գործադրել. ախր լուրջ չէ դա, նույնիսկ Ադրբեջանի մամուլը դրան լուրջ չի վերաբերվում:

Հայաստանը կարծես թե բավականին ծանր կացության առջև է հայտնվել ռուս-թուրքական դիմակայության պատճառով: Նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ռուս-թուրքական դիմակայության պատճառով Հայաստանը լուրջ բարդությունների առջև է կանգնել: Դուք Ձեր հարցազրույցներից մեկում նշում էիք, որ Հայաստանը երկու ճանապարհ ունի. կա՛մ ռուս-թուրքական դիմակայությունը կարող է սպառնալիք դառնալ Հայաստանի համար, կա՛մ կարող է հնարավորությունների պատուհան բացվել, և Հայաստանը կարող է իսկապես օգտվել ստեղծված իրավիճակից՝ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, թե՛ Հայաստանի կարևորությունը տարածաշրջանում կարող է ավելանալ, եթե Երևանը կարողանա ճիշտ քաղաքականություն որդեգրել: Ինչո՞ւ Հայաստանը չի օգտվում այդ հնարավորությունից, և արդյո՞ք դեռևս կան հույսեր, որ, այնուամենայնիվ, մեզ հնարավորություն կտրվի ստեղծված իրավիճակում արդյունավետ արտաքին քաղաքական որոշումներ կայացնել:

-Նախ մի ճշգրտում. ես չեմ ասել, որ ռուս-թուրքական հակամարտությունը կարող է սպառնալիք դառնալ Հայաստանի համար, ես ասել եմ, որ դա արդեն սպառնալիք է՝ սպառնալիք մի քանի իմաստով: Շավարշ Քոչարյանի հետ էլ եմ համաձայն, իհարկե, դա լուրջ խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար: Սպառնալիքներից առաջինն այն է, որ այդ հակամարտությունը կարող է տեղափոխվել ԼՂ հակամարտության հարթություն: Ես ասել եմ և ևս մեկ անգամ կրկնում եմ, որ վստահ եմ՝ դա Թուրքիային ամենևին ձեռնտու չէ: Եթե մանրակրկիտ ուսումնասիրենք լարվածության աճի դինամիկան, ապա մի քանի անգամ ավելի թափով է գնում այդ լարվածության աճը Մոսկվայից, քան Անկարայից, կարծես թե Անկարան շահագրգռված է այդ լարվածությունն իջեցնելու: Հայաստանի համար այս հակամարտությունը վտանգ է, մանավանդ եթե սրան գումարում ենք այն, որ չնայած այս ամենին, Ռուսաստանը շարունակելու է նաև այս տարի սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին, և նախատեսված է այս տարի հիմնականում մատակարարել զրահատեխնիկա. սա ավելի քան մտահոգիչ է: Մյուսը՝  Ռուսաստանը պատրաստվում է այստեղ էլ ավելի հզորացնել ռազմաօդային ուժերը:

Այո, Միգ-29 տեսակի կործանիչներ են բերվելու Հայաստան:

– Բազմաթիրախային կործանիչներ են բերվելու, բայց տարվա երկրորդ կեսին: Ինչո՞ւ երկրորդ կեսին. մանավանդ որ այդ կործանիչները բերվելու են հիմնավերանորոգումից հետո. Ռուսաստանը չունի՞ բավականաչափ կործանիչներ, կարող է և չունի, գուցե վիճակն այդպիսին է: Աշխարհաքաղաքական զարգացումների այս արագության համար 6 ամիսը շատ մեծ ժամանակ է: Բազմիցս կարծիք է հայտնվել այն մասին, որ դա Հայաստանի անվտանգության հետ ոչ մի կապ չունի, դա բացարձակապես սպասարկելու է Ռուսաստանի շահերը:

– Միգուցե հենց դրանո՞վ է այս իրավիճակը Հայաստանի համար սպառնալից:

-Իհարկե: Ավելին ասեմ՝ կարծում եմ՝ Ռուսաստանը հիմա առիթ է փնտրում թուրքական որևէ ինքնաթիռ կործանելու: Այդ մասին Պուտինը պարզ ասաց իր մեծ ասուլիսում: Նա ասաց՝ Սիրիայում արդեն S-400 համակարգեր ենք տեղադրել, դե հիմա թող փորձեն մտնել: կարծում եմ, որ Ռուսաստանը շատ ուրախ կլինի, եթե կարողանա դա անել Հայաստան-Թուրքիա սահմանի վրա: Նաև կարծում եմ, որ Անկարան շատ լավ է դա հասկանում, և իր թռիչքները պետք է առավելագույնս ճշգրիտ և շատ մեծ ուշադրությամբ կազմակերպի, որպեսզի նման առիթ չտա: Ի՞նչ պետք է անի այս իրավիճակում Հայաստանը: Կարծում եմ՝ ըստ էության, պետք է շարունակի այն քաղաքականությունը, որ բխում է Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 21-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովում ունեցած ելույթից: Սերժ Սարգսյանը արձանագրեց, որ ՀԱՊԿ-ն այն կառույցը չէ, որը կապահովի Հայաստանի անվտանգությունը, և քանի որ մենք ՀԱՊԿ ասելով՝ հասկանում ենք առաջին հերթին Ռուսաստան, ապա դա առաջին հերթին վերաբերում էր հենց Ռուսաստանին: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում: Մոտ երեք տարի առաջ ասել եմ մամուլում, հիմա հիշեցնեմ, որ ռուսական ողջ զինուժը, ստորաբաժանումները, որոնք տեղակայված են Հայաստանում, որևէ մարտական քայլ իրականացնելուց առաջ անպայման պետք է ստանան ՀՀ քաղաքական իշխանության հավանությունը կամ, ինչու ոչ, կարգադրությունը: Որոշումը պետք է կայացնեն ՀՀ իշխանությունները: Սա հստակ պետք է արձանագրվի, որովհետև եթե ինչ-որ բան տեղի ունեցավ (ինչը Ռուսաստանին հիմա խիստ ձեռնտու է՝ նոր լարվածություն ստեղծել Հայաստանի և Թուրքիայի միջև), ապա պատասխանատվությունը կիսելու է նաև Հայաստանի Հանրապետությունը: Առաջին հերթին ոչ միայն իշխանությունները, այլ նաև քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը պետք է այս հարցը շատ հստակ բարձրացնեն:

Եկեք հասկանանք մի շատ պարզ իրողություն. օտար երկրի զորքերը եթե քո տարածքում են, և եթե նրանք քեզ չեն ենթարկվում, ապա դրանից ավելի մեծ սպառնալիք լինել չի կարող: Ես չեմ ուզում հիշել 2008թ. Վրաստանի և Ռուսաստանի պատերազմի դեպքերը, բայց նման բան այն ժամանակ եղել է: Կարծում եմ՝ սա այս պահին կարևորագույն խնդիրն է: Երկրորդ՝ դուք խոսեցիք հնարավորությունների մասին. Թուրքիայի կողմից, որ շատ բարդ իրավիճակում է՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական, ես չեմ բացառում, որ ինչ-որ ուղերձներ հնչեն:

Այսօր լսեցինք այդպիսի ուղերձ:

-Այսօր լսեցինք ոչ ուղղակի ուղերձ, այնուամենայիվ զարմանալի է, որ Թուրքիան, այսօր լինելով ադքան խառը վիճակում, այդպիսի հարց է կարողանում լուծել, վերադարձնել աճյունը: Մենք պետք է դրան պատրաստ լինենք: Չպետք է շարունակենք այն սկզբունքով, որ Ռուսաստանի շահերը գերակա են մեզ համար, ո՛չ: 2016-ը լինելու է պատմական տարի, և եկեք հուսանք, որ դրական իմաստով է մեզ համար լինելու պատմական տարի՝ չնայած այս բազմապիսի սպառնալիքներին: Երբ ասում եմ՝ ինքնուրույն քայլեր կատարել, ես իհարկե հեռու եմ այն մտքից, որ հիմա Հայաստանն անմիջապես պետք է ԵՏՄ-ից կամ ՀԱՊԿ-ից դուրս գա, որովհետև դա չափազանց վտանգավոր է, քանի որ թուլացող, կործանվող Ռուսաստանը, կարծում եմ, շատ ավելի վտանգավոր է, քան ուժեղացող Ռուսաստանը: Այնուամենայնիվ, ինչ-որ քայլեր պետք է կատարվեն: Առաջին հերթին պետք է դիվերսիֆիկացվի մեր անվտանգությունը, ինչը բխում էր հենց Սերժ Սարգսյանի ելույթից, անհրաժեշտ է նաև տնտեսական, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա: ԵՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կանոնադրությունը Հայաստանի համար Աստվածաշունչ չեն, և մեր շահերը պահանջում են այդ համակարգերից առանց պաշտոնապես դուրս գալու որոշակի քայլեր անել:

ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները հայտարարություններ են արել, օրինակ՝ Ղրղըզստանի նախագահը անցյալ տարեվերջին հստակ նշեց, որ Ռուսաստանը իր ներդրումային պարտավորությունները չի կատարում, և նոր գործընկերներ են փորձելու գտնել:

– Եթե խոսենք Ռուսաստանի տնտեսությունից, ապա ինչ ածական էլ օգտագործենք, դա ճիշտ չի նկարագրի:

Այսօր նաև սրընթաց իջնում էր նավթի գինը:

– Ռուսաստանն այս վերջին տարիների ագրեսիվ, նեոկայսերապետական քաղաքականության մեջ շատ հանգամանքներ հաշվի չառավ, և այսօր այդ քաղաքականությունը ուղղված է հենց Ռուսաստանի դեմ: Կարծում եմ, որ ամենամեծ սխալներից մեկը, որ Ռուսաստանը թույլ տվեց, դա հետևյալն էր՝ չհաշվարկեց, որ արդեն Մերձավոր Արևելքի հակամարտությունները նավթի գնի վրա չեն ազդում:

Ի դեպ բոլորը սպասում էին Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հակամարտությանը

– Այդ մասին էլ կխոսենք: Մենք հիմա մտել ենք պատմական մի նոր փուլ՝ կապված նավթի գների հետ, այժմ նավթի գները Մերձավոր Արևելքի հակամարտություններից ու պատերազմներից կախված չեն: Սա շատ լուրջ խնդիր է: Սա տեխնոլոգիական առաջընթացի արդյունք է: Եվ սա ամենամեծ բացթողումն է, որ Ռուսաստանը կատարեց: Եվ մինչև հիմա էլ ես վստահ չեմ, թե Ռուսաստանը հասկանում է, որ սա ուղղակիորեն ազդում է և գազի գների վրա, և մոտ ապագայում գազը նույնպես դառնալու է շուկայական ապրանք, որ կարելի է այն գնել բորսայում: Հեղուկ գազը գալիս է փոխարինելու այն բազմամիլիարդանոց գազատարներին, որի վրա Ռուսաստանը հսկայական գումարներ ներդրեց: Ռուսաստանում այս ամենը լավ չեն հասկանում:

ԵՏՄառանցքը Ռուսաստանն է, և առանց անհրաժեշտ դոտացիաների այս միությունը այսպես կամ այնպես չի կայանալու:

-Ցանկացած քանակությամբ դոտացիաներով ևս այս միությունը չի կայանալու:

– Այնուամենայնիվ Հայաստանի տնտեսությունը շարունկում է կապված մնալ այս միության հետ՝ պայմանավորված Հայաստանի անվտանգության հարցերով՝ ինչպես իշխանությունները շարունակում են տարփողել, որ Հայաստանի անվտանգությունը…

– Դա բացարձակապես չաշխատեց: Ասում էին, որ դա անում են՝ անվտանգությունից ելնելով: ԵՏՄ-ին անդամակցելով՝ այսօր մենք տեսնում ենք, որ դա բերեց նոր վտանգներ և ահավոր վիճակ տնտեսությունում: Ես դրա համար ասացի, որ ԵՏՄ կանոնադրությունը մեզ համար Աստվածաշունչ չէ: Ղազախստանի օրինակով մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը՝ առաջին հերթին էներգետիկան՝ Իրանի հետ կապված, մյուսների հետ կապված…

-Այսօր, այնուամենայիվ, դուք տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ այդ գազատարով հնարավոր է Իրանի և Վրաստանի…

– Ոչ միայն այդ գազատարը կարելի է առայժմ դեպի Վրաստան տարանցիկ գազատարի դերում օգտագործել, հաշվի առնելով, որ Ռուսաստանի դերն այստեղ ավելի թուլանալու է, մենք պետք է պատրաստ լինենք նոր, շատ ավելի մեծ տրամագծով տարանցիկ գազատարի նախագծին, ինչին Իրանը պատրաստ է: Ռուսաստանն այսօր չգիտի՝ ինչ անի իր գազը: Մենք ավելի թանկ ենք վճարում գազի համար, քան Ուկրաինան: Ռուսաստանի կողմից հնչող հայտարարություններն այն մասին, որ Հայաստանին, իբրև իրենց ընկերոջ, էժան գազ են տրամադրում, բացարձակ կապ չունեն իրականության հետ: Գազի ավելցուկ է առաջացել: Այն, ինչ-որ կատարվում է, տեխնոլոգիական հեղափոխություն է՝ դրական իմաստով:

Հաշվի առնելով ԵՏՄ անդամ երկրների մեծ մասի ադրբեջանամետ վերաբերմունքը և հասկանալով, որ այս պահին ղարաբաղյան հակամարտության այս հանգրվանային իրավիճակում կարող է խաղարկվել նաև Ադրբեջանի խաղաքարտը՝ ընդդեմ Արևմուտքի սանկցիաների, Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքի ընդհանուր քաղաքական դիրքորոշման՝ ի՞նչ եք կարծում, այստեղ կարո՞ղ է փոփոխություն տեղի ունենալ:

-Մեկ անգամ էլ անդրադառնամ Կարասինի հարցազրույցին, որի վերջին մասում նա խոսում է այն մասին, որ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և ավելացնում, որ այս տարի այդ աշխատանքը նույն թափով շարունակվելու է: Սա ուղղակիորեն նշանակում է, որ Մինսկի խմբին զուգահեռ գործունեություն է ծավալվում, ինչի մասին ասում էր Մամեդյարովը: Մենք գիտենք, որ այդ, կներեք, ոչ թե բանակցությունները, այլ այդ առևտուրը վաղուց գնում է, բայց հիմա Ադրբեջանը հայտնվել է չափազանց ծանր վիճակի մեջ՝ կապված Ռուսաստան-Թուրքիա հակամարտության հետ: Եվ այս իրավիճակում կհաջողվի՞ արդյոք Ռուսաստանին կոտրել Ադրբեջանին, ես դժվարանում եմ ասել: Այդ կոնտեքստում եմ նաև տեսնում ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից Ադրբեջանի նախագահ Ալիևին ԱՄՆ հրավիրելը: Պետք է հասկանանք, որ Ռուսաստանի ազդեցությունը գնալով թուլանում է: Ակնհայտ է, որ հետպուտինյան Ռուսաստանը հեռու չէ, դա արդեն երևում է, մենք պետք է դրան պատրաստ լինենք:

Ռուսաստանում այսօր ներքին քաղաքական իրավիճակն ինձ հիշեցնում է ԳԿՉՊ-ին նախորդող իրավիճակը: Հայաստանում պետք է դրան պատրաստ լինենք: Այսինքն՝ վարելով չափազանց զգույշ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն, միաժամանակ մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տեսակի զարգացումներին, և ինչու չէ, նաև փորձենք լուրջ գործոն դառնալ, մեզ պատմությունն ուղղակի չի ների, եթե այս իրավիճակում տարածաշրջանային լուրջ գործոն չդառնանք:

Մենք ունքե՞նք այդ հնարավորությունը, և 2016թ. կարող է ա՞յդ իմաստով դառնալ պատմական մեզ համար:

-Ես հենց այդ իմաստով ասացի, որ 2016-ը կարող է պատմական լինել, բայց ուզում եմ հասկանանք, որ մենք ունենք նաև ներքին, չափազանց լուրջ անելիքներ, որպեսզի կարողանանք այդ ամենն ապահովել: Մեզ պետք է քաղաքացիական մոբիլիզացիա, բայց այսօրվա իշխանությունները, ցավոք սրտի, որևէ քայլ չեն անում այդ ուղղությամբ:

Իսկ քաղաքական դաշտում ամեն ինչ կարծեք թե մնում է ռուսական ընդհանուր տրամադրությունների տիրույթում: Մենք նաև ԵՄ հետ բանակցային խոր հանգրվանում ենք:

– Թողնենք քաղաքական դաշտը, բայց Հայաստանի հասարակությունը շատ լավ արդեն հասկանում է, որ Ռուսաստանը մեր անվտանգությունը կապահովի միայն մեկ դեպքում, եթե այն համընկնի իր շահերին, առայժմ չի համընկնում: Շատ պարզ մի օրինակ բերեմ. ռուսական ինքնաթիռը երբ որ խփվեց թուրքական F-16-ի կողմից, ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո. Ռուսաստանը պաշտոնապես այնքան վատ բաներ ասաց Թուրքիայի հասցեին, որ ակամա հարց է առաջանում. «Այս ամեն ինչը չգիտեի՞ք, որ եղբայրություն էիք անում: Եղբայրություն բառը պատահական չեմ օգտագործում, Պուտինն ասաց՝ սա հարված էր թիկունքից: Այդ ամեն ինչը իմանալով՝ ինչո՞ւ էիք այդպես վարվում»:

Այն, ինչը որ Ռուսաստանին ներվում էր Մերձբալթիկայում, Շվեդիայում, մյուս երկրներում, երբ որ Ռուսաստանի ռմբակոծիչները խախտում էին իրենց սահմանը, պարզ է, որ Էրդողանը, լինելով նույն տիպի ավտորիտար գործիչ, ինչպիսին Պուտինն է, դա չէր ներելու: Եվ այսօր ակնհայտ է, որ ավելի շատ երկու նախագահների անձնական մակարդակում է այդ հակասությունը, քան թե պետությունների, որովհետև նրանք ընդհանուր շահեր, այնուամենայնիվ, ունեն: Սա կխորանա՞, թե՞ չի խորանա… ՄԻԳ-29 կործանիչները տարվա երկրորդ կեսին են բերվելու Հայաստան, դրանով Մոսկվան ուզում է ասել, որ, այո, սա շատ երկար ժամանակ է: Պուտինն, ըստ էության, ասել է, որ այս ռեժիմի հետ չի լինելու հարաբերություն: Բայց այդ պատժամիջոցները Թուրքիայի վրա առանձնապես չեն ազդում: Այդ պատժամիջոցներից հետո, 2 օր առաջ տեղեկատվություն եղավ, դեռ բավականաչափ սպառիչ չէ այդ տեղեկատվությունը, բայց պաշտոնապես հայտարարվեց, որ Սաուդյան Արաբիան 600 միլիարդ դոլարից ավելի ներդրումներ է պատրաստվում անել Թուրքիայում: Այսինքն՝ Թուրքիան Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու հետ կապված տնտեսական կորուստները կոմպենսացնելու բազմաթիվ տեղեր ունի, իսկ Ռուսաստանն ի՞նչ պետք է անի, եթե, օրինակ, անցյալ տարի 26 միլիարդ դոլարից ավելի արտահանում է ունեցել դեպի Թուրքիա: Ռուսաստանն ի՞նչ պետք է անի իր այս աղետալի տնտեսական և քաղաքական վիճակում:

Մի խոսքով՝ մենք պետք է հիմա շատ լավ հասկանանք, որ պետք է պատրաստ լինենք բոլոր զարգացումներին, չմնանք փլատակների տակ, ինչպես Խորհրդային Միության կայսրության փլուզման ժամանակ շատ երկրներ մնացին, բայց ոչ Հայաստանը, և հասկանանք, որ Ռուսաստանում իշխանափոխությունը երբ էլ տեղի ունենա, և ով էլ գա իշխանության, ամբողջովին փոխվելու է արտաքին քաղաքականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում