2015 թվականին Չինաստանում վաճառվել է 77 հազար եռաչափ տպիչ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 226 տոկոսով։ IDC վերլուծական ընկերության հրապարակած զեկույցում ասվում է, որ 2016 թվականին նման տպիչների վաճառքի ծավալը կավելանա՝ հասնելով 160 հազար միավորի։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Վաճառված սարքերի թվով հաջորդ տարի Չինաստանն առաջ կանցնի ԱՄՆ-ից, սակայն արժեքով ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, կպահպանի առաջատարությունը»,- հայտարարել են ընկերության վերլուծաբանները։
Չինաստանում դեռևս նախընտրում են գնել ոչ թանկ եռաչափ տպիչներ, որոնց արժեքը չի գերազանցում 5000 դոլարը, ԱՄՆ-ում, սակայն, նախապատվությունը տալիս են բարձրտեխնոլոգիական մոդելներին։
IDC զեկույցում ասվում է, որ 2020 թվականին 3D տպիչների վաճառքի ծավալները Չինաստանում կգերազանցեն տարեկան 440 հազար միավորը։ Դա պայմանավորված է արտադրական հզորությունների արդիականացման անհրաժեշտությամբ։