Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի տնտեսությունը չի տուժի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առևտրային-տնտեսական հարաբերությունների վերանայման հետևանքով։ Այդ մասին հայտարարել է Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբան։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը հայտարարել էր, որ Մոսկվան ու Սուխումը պետք է քննարկեն Թուրքիայի հետ Աբխազիայի տնտեսական հարաբերությունների հարցը, որպեսզի դրանք համապատասխանեցվեն Անկարայի հանդեպ Մոսկվայի քաղաքականությանը։
Խաջիմբան վստահեցրել է, որ ոչինչ չի փոխի այն ընդհանուր ֆոնը, որը ձևավորվել է Ռուսաստանի ու Աբխազիայի հարաբերություններում, որ ամեն ինչ կմնա նույն մակարդակի վրա, ինչն օգտակար կլինի իրենց ժողովուրդների համար։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ինտեգրման խորացման մասին պայմանագիրը Սուխումի վրա դնում է որոշակի պարտավորություններ՝ կապված Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների սրացման հետ. «Սակայն դա չի քանդի այն, ինչը մենք արել ենք այս բոլոր տարիներին։ Մեր տնտեսությունը դրանից չի տուժի»։