Վրաստանում հարստացված ուրանի վաճառքով զբաղվելու մեղադրանքով ձերբակալված ՀՀ քաղաքացին իր պատիժը թեթևացնելու դեպքում պատրաստակամություն է հայտնել ասել ուրան արտադրողների և մատակարարների անունները։ Այս մասին գրել է Коммерсант–ը՝ չնշելով, սակայն, որևէ աղբյուր։
Հիշեցնենք, որ Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին հայտարարել էր, որ իր գերատեսչությունը գիտի, թե ով է ուրանը փոխանցել մաքսանենգերին, սակայն սկզբնաղբյուրը դեռևս «հաստատված չէ»։ Միաժամանակ նախարարության ներկայացուցիչը վստահություն էր հայտնել, որ ուրանը արտադրվել է Ռուսաստանում։
Հիշեցնենք, որ ձերբակալվածները Հայաստանի քաղաքացիներ Սմբատ Տոնոյանն ու Հրանտ Օհանյանն էին։ Նրանք նպատակ ունեին 18 գ ուրանը վաճառել իսլամիստական խմբավորման ներկայացուցչի, սակայն գնորդը Վրաստանի ոստիկանության ծպտյալ աշխատակից էր։ Մարտին նրանք Հայաստանից գնացքով Վրաստան էին մեկնել՝ իրենց հետ տանելով մինչ 89.4% հարստացված 18 գրամ ուրան։ Տոնոյանի եւ Օհանյանի նկատմամբ դատական գործն արդեն սկսված է։ Վրաստանի ՆԳՆ տվյալներով, դատաքննությունը կավարտվի մոտ ժամանակներս։