Haqqin.az պորտալի փոխանցմամբ` ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին Քրիստոֆեր Սմիթի գլխավորությամբ Կոնգրեսին ներկայացրել է օրինագիծ, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնատար անձանց դեմ, և վերանայել Ադրբեջանի հետ հարաբերությունները։
Դրա հետ կապված՝ Ադրբեջանի խորհրդարանի, քաղաքականության ու պետականաշինության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ռովշան Ռզաևը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ։ Խոսքն «ԱՄՆ-ում մարդու իրավունքների մասին» բանաձևի մասին է։
Այն դիտարկվելու է Ադրբեջանի խորհրդարանի՝ միջազգային ու միջխորհրդարանական կապերի և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովների համատեղ նիստում։ Դրանում նշված է, որ Ադրբեջանն իր անկախության տարիներին «քանիցս բախվել է» ԱՄՆ տարբեր կազմակերպությունների երկակի չափորոշիչների քաղաքականությանը։
Նախագծում նաև նշված է, որ այդ կազմակերպությունները «տարբեր պատրվակներով» փորձում են միջամտել Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականությանը։ Նախագծում առաջարկվում է կասեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունն էներգետիկ, անվտանգության ու ռազմական ոլորտներում, կասեցնել Աֆղանստանում ադրբեջանցի զինվորականների խաղաղապահ գործողությունները, արգելել Ադրբեջանի տարածքով ԱՄՆ-ի ռազմական ու այլ բեռների տարանցումը, ինչպես նաև այդ նպատակով Ադրբեջանի ենթակառուցվածքների օգտագործումը, սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի պաշտոնից ԱՄՆ-ին հետ կանչելու ընթացակարգ։