Ինչպես պնդում են ԱՄՆ-ի և Կանադայի գիտնականները, հոր սննդակարգը և կենսակերպն ազդում է ապագա երեխայի առողջության վրա, հայտնում է toneto.net-ն:
Վաղուց հայտնի է, որ պտղի զարգացման վրա ազդում է հղի կնոջ սննդակարգը: Պարզվել է, որ ապագա մոր օրգանիզմում պետք է լինի բավարար քանակությամբ В9 վիտամին, որը պարունակվում է մսի, տերևավոր բանջարեղենների, մրգերի և հատիկների մեջ: Պարզվել է, որ ապագա հայրերի համար այդ վիտամինի պարունակությունը նույնպես կարևոր է: Օրինակ, գեր տղամարդիկ, ովքեր սխալ են սնվում, կարող են անարդյունավետ յուրացնել В9-ն, որն ազդում է նրանց սերմնահեղուկի որակի վրա:
Հետազոտության ներկա փուլում գիտնականները դեռևս չեն ճշտել այդ վիտամինի անհրաժեշտ քանակը, սակայն եկել են այն եզրակացության, որ սերմնահեղուկն իր մեջ պահպանում է ոչ միայն սնվելու բնույթի, այլ նաև տղամարդու կենսակերպի ինֆորմացիան: Արդյունքում տեղի է ունենում գենոտիպի վերածրագրավորում, և փոխված գեները փոխանցվում են երեխային:
Իրենց նոր հետազոտությունում ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ մարդու գենոտիպը կարող է փոխվել կախված կենսակերպից: Այդ պատճառով էլ տարբեր հիվանդությունների ռիսկը որոշելու համար կարևոր է այսպիսի տեղեկատվությունը: Գիտնականները եզրակացրել են, որ երեխաները կարող են ժառանգել ոչ միայն մոր «կյանքի փորձը», այլ նաև հոր:
Բժիշկները տղամարդկանց խորհուրդ են տալիս հայր դառնալուց առաջ հետազոտվել բժշկի մոտ, այդ թվում՝ գենետիկի: Ապագա հայրերը պետք է առողջ կենսակերպով ապրեն, ճիշտ սնվեն և հրաժարվեն ծխելուց և ալկոհոլից: