«Երբ որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարդացի, ես հասկացա, որ շատ լուրջ են մեզ արհամարհում, հասկացա, որ հեղաշրջում, դիկտատուրա է նախապատրաստվում: Կիսաժողովրդավարական պետությունը դարձնում են պարտոկրատիա, այսինքն՝ կուսակցական դիկտատուրա է հաստատվելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Անդրադառնալով «Այո և ոչ» ռեալիթի շոուին իր մասնակցությանը Ազատ Արշակյանը նշեց, որ ինչքան որ հնարավոր է եռանդով է մասնակցում. «Ուզում եմ, որ իմ հայրենակիցներն իմանան՝ մեր ժողովրդավարական երկիրը, որպես օբյեկտ, փակվում է, մենք ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Հանրապետական կուսակցության տարածքի բնակիչներն ենք, նրանք ուզում են մեզ իրենց հպատակները դարձնել: Այս սահմանադրություն կոչված տեղեկագիրը դրա մասին է»:
«Կա ազատություն, կան մարդիկ, ովքեր պաշտպանում են ազատությունը, օրենքը, սահմանադրությունը»,- մեր ասածն ընդամենը սա է,- նշեց մեր զրուցակիցն՝ անդրադառնալով մարզային այցելություններին և փաստեց, որ մարզերում մարդիկ տեղեկացված չեն սահմանադրական փոփոխությունների մասին: «Մարզերում այլ կերպ հնարավոր չէ լինել մանկավարժ, գյուղապետ, քաղաքապետ, ավագանի, եթե դու հանրապետականի թույլտվությունը չունես: Ազատ մարդկանց հետ մենք շատ քիչ ենք շփվել»,- նշեց Ազատ Արշակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: