Սիրիայում Մեծ Բրիտանիայի ապագա գործողությունները պետք է կազմված լինեն ոչ միայն ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծումներից, այլ նաև ներառեն երկրի վերականգնման աշխատանքներ: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ Մալթայում Ազգերի համագործակցության գագաթնաժողովի մամլո ասուլիսի ժամանակ՝ հայտնում է TASS-ը:
«Մենք պետք է օգտագործենք մեր քաղաքական և դիվանագիտական ռազմավարությունը ամբողջ հզորությամբ, և իհարկե՝ երկրի վերականգնման կենսականորեն անհրաժեշտ այն աշխատանքը, որը մենք պետք է կատարենք այն բանից հետո, երբ Սիրիայում պատերազմն ավարտվի: Այդ բոլոր կետերը շարադրված կլինեն այն քննարկումների ընթացքում, որոնք մենք կանցկացնենք խորհրդարանում»,- հայտնել է Քեմերոնը:
«Մենք պետք է ձեռնարկենք մեծամասշտաբ և արդյունավետ գործողություններ ԴԱԻՇ-ին հաղթելու համար, որը իրենից սպառնալիք է ներկայացնում, այդ թվում նաև՝ մեր երկրի համար: Այդ պատճառով էլ մենք մտածել ենք այս ակցիան»,- ավելացրել է նա: