Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը «Փյունիկ» – «Ալաշկերտ»(0:0) հանդիպումից հետո խոսել է խաղի մասին:
«Լարված հանդիպում էր, որովհետև երկու ակումբներն էլ հասկանում էին հաղթանակի կարևորությունը: Ավելի շատ ուշադրություն էինք դարձնում պաշտպանությանը, քանի որ 3 միավորը որոշիչ կարող էր լինել:
Երկու թիմերն էլ ծավալուն աշխատանք տարան: Ցավալի է, որ գոլեր չկային. ֆուտբոլն առանց գոլերի գեղեցիկ չէ: Սակայն այսպիսի խաղերն էլ են հետաքրքիր, որովհետև կային էմոցիաներ, ցանկություն:
Տղաներից շնորհակալ եմ, քանի որ այսօր հիմնականում կարողացանք անել այն, ինչ ցանկանում էինք:
Որպես մարզիչ՝ կցանկանայի, որ առաջնությունում շատ թիմեր հանդես գային, քանի որ հետագայում, ով էլ լիներ հավաքականի գլխավոր մարզիչը, ավելի մեծ հնարավորություն կունենար ֆուտբոլիստների միջև ընտրություն կատարելու:
Արդյունքներից գոհ եմ, քանի որ չունենալով մեծ պահեստայինների նստարան, խաղադաշտ մտցնելով 18-19 տարեկան երիտասարդ ֆուտբոլիստներին՝ ունենալ այսպիսի արդյունք, ես շատ գոհ եմ»,- Հովսեփյանի խոսքն է փոխանցում «Փյունիկ»-ի ֆեյսբուքյան էջը:
Սարգիս Հովսեփյանը հայտարարել է նաև, որ դեռևս որոշում չի կայացվել, թե «Փյունիկ»-ը որտեղ է անցկացնելու առաջիկա հավաքները: