Նոր Զելանդիայի բնապահպան ակտիվիստները երգչուհի Թեյլոր Սվիֆթին և նրա թիմին մեղադրել են այն բանում, որ Բեթելս լողափին տեսահոլովակի նկարահանումները վնասել են հազվագյուտ Charadrius morinellus թռչուններին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Տեսահոլովակի արտադրության համար պատասխանատու նորզելանդական Сherokee Films ընկերությունը հայտարարել է, որ երգչուհին և նրա թիմը կապ չունեն նկարահանումների վայրի ընտրության հետ, իսկ աշխատանքները կատարվել են բոլոր կանոններին համապատասխան:
«Cherokee Films-ն Օքլենդի շրջանում, այդ թվում՝ Բեթելս լողափին, որտեղ մենք շատ անգամ ենք աշխատել, պատասխանատու նկարահանումների մեծ փորձ ունի: Մեր գործողությունները միշտ անցել են տեղի իշխանությունների վերահսկողությամբ և աջակցությամբ»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Թեյլոր Սվիֆթի տեսահոլովակի նկարահանումները սկսվել են նոյեմբերի 23-ին: Հաջորդ օրը Վայթաքերե Ռեյնջ բնական պարկի, որի տարածքում կատարվել են նկարահանումները, խորհրդի նախագահ Սանդրա Քոնին Facebook-ում գրել է. «Թեյլոր Սվիֆթը այս շաբաթ նկարահանվում է այստեղ: Թույլտվություն ստացվել է, կարծում եմ, միայն 2 մեքենայի համար, իսկ այստեղ մի դյուժին բեռնատար է աշխատում: Այստեղ շատ փոքր Charadrius morinellus-ներ կան, մենք կուզենայինք, որ այդ գործունեությունը հետքեր չթողներ, բայց Սվիֆթի թիմը հարգանք չունի շրջակա միջավայրի նկատմամբ»:
Երգչուհին և նրա ներկայացուցիչները չեն մեկնաբանել այդ մեղադրանքները: