Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բրիտանական խորհրդարանի պատգամավորներին կոչ է արել աջակցել Սիրիայում ահաբեկիչների դեմ գործողություններին իրենց երկրի մասնակցության նախաձեռնությանը։ Նման հայտարարություն է նա արել AFP գործակալությանը Մալթայի մայրաքաղաք Վալետտայում։ Օլանդն այնտեղ է այցելել ուրբաթ՝ մասնակցելու Բրիտանական համագործակցության երկրների համաժողովին։
Ֆրանսիայի նախագահը նշել է ահաբեկչության դեմ պայքարում երկու երկրների մասնակցության համատեղ ձգտումը։ Նա նաև ողջունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մտադրությունը՝ աջակցելու ֆրանսիական արտաքին ռազմական գործողություններին այն դեպքում, եթե դրա վերաբերյալ ստացվի երկրի խորհրդարանի համաձայնությունը։
Նա նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները դուրս են գալիս իր երկրի սահմաններից, քանի որ ահաբեկիչները հարված են հասցրել ոչ միայն Ֆրանսիային, այլև, ըստ էության, ողջ Եվրոպային։ «Այժմ բոլոր երկրները ջանում են պաշտպանել իրենց ազատությունը, որը ենթարկվել է հարձակումների»,- ասել է Օլանդը։