ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի 2015թ. առաջնությունը:
105 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել: 18-ամյա ծանրորդն առաջին մոտեցմամբ հաղթահարել է 180 կգ: Երկրորդ մոտեցմամբ նա կատարել է 6 կիլոգրամանոց հաջող քայլ. 186 կգ-ն նույնպես գլխավերևում էր: Ցավոք, անհաջող էր Մարտիրոսյանի երրորդ մոտեցումը: Նա չկարողացավ բարձրացնել 191 կգ-ը՝ հիմնական մրցակիցներին հնարավորություն տալով զգալիորեն առաջ անցնել:
Վարժության հաղթող ճանաչվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Իվան Եֆրեմովը: Նա գրանցեց 192 կգ արդյունք: Երկրորդ տեղը գրաված ղազախ ծանրորդ Իվան Զայչիկովի ակտիվում կա 191 կգ:
Նշենք, որ առաջնությունը բաց է թողնում աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, մի շարք ռեկորդների հեղինակ Իլյա Իլինը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա չի հաղթահարել դոպին ստուգումը: