Երևանի «Բանանցը» սկսել է համալրել կազմը մրցաշրջանի երկրորդ հատվածի համար՝ նորեկների ընտրությունը սկսելով Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից: «Բանանցի» հետ պայմանագրեր են ստորագրել 25-ամյա հայ ֆուտբոլիստ Զավեն Բադոյանն ու 22-ամյա պերուացի ֆուտբոլիստ Կլաուդիո Տոռեխոնը:
Զավեն Բադոյանը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 22-ին: Հայկական ակումբներից նա հանդես է եկել Երևանի «Կիլիկիայում», Կապանի «Գանձասարում» և Դիլիջանի «Իմպուլսում»: Բադոյանի վերջին ակումբն էր Երևանի «Փյունիկը», իսկ մինչ այդ նա հանդես է եկել նաև բելառուսական ԲԱՏԷ-ում և «Գոմելում»: Զավեն Բադոյանը նաև հինգ հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
Կլաուդիո Տոռեխոն Տինեոն ծնվել է 1993 թվականի մայիսի 14-ին: Նա կիսապաշտպան է և հանդես է եկել Պերուի երիտասարդական հավաքականի կազմում: Պերուում Տոռոխենը խաղացել է «Սպորտինգ Կրիստալ» և «Ունիվերսիդադ Սան Մարտին» ակումբներում, ապա տեղափոխվել է Երևանի «Ուլիսը»:
Այսպիսով, Բադոյանն ու Տոռեխոնն առաջին նորեկներն են, որոնք համալրել են «Բանանցի» կազմը: Նոր տեղափոխությունների մասին կհայտնենք առաջիկայում:
«Բանանց» ՖԱ, մամլո ծառայություն