2015 թվականի հունիսին ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Սակայն մինչ այժմ այդ մասին պաշտոնապես չի հայտարարվել:
El Mundo Deportivo-ն նշում է, որ «արքայական ակումբ»-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացվել է նույն այն խախտումների պատճառով, որոնք ժամանակին թույլ է տվել «Բարսելոնա»-ն:
Դրանք կապված են միջազգային տրանսֆերներ իրականացնելու ժամանակ խախտումներ կատարելու և անչափահաս լեգեոնականների գրանցման հետ:
Տրանսֆերային երկու պատուհանների ընթացքում «Ռեալ»-ին կարող է արգելվել գործարքներ կատարել, հնարավոր է նաև տուգանքի սահմանում: Սակայն «արքայական ակումբ»-ն այդ մասին գրավոր կտեղեկացվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո: Այդ դեպքում արգելքը կկիրառվի 2016 թվականի ամառային և 2017 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանների ժամանակ:
«Արքայական ակումբ»-ում հուսով են, որ ակումբի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվի, սակայն ՖԻՖԱ-ն հայտնում է, որ «Ռեալ»-ին ամեն դեպքում չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից: