Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Չինաստանը պայմանավորվել են ուժեղացնել միջպետական համագործակցությունը ենթակառուցվածքային նախագծերի, ֆինանսների, կապի ոլորտներում։
Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Չինաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Վան Յանի ու Աբիդ Շարիֆովի հանդիպման ժամանակ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել օգտվելու այն հնարավորությունից, որն ընձեռել է Չինաստանի կառավարության «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագիծը, որի նպատակն է Ասիայի ու Եվրոպայի տարածքներում միջազգային կոմերցիոն ու ենթակառուցվածքային տնտեսական շահավետ ու հեռանկարային նախագծերի իրագործմանն աջակցելը։
Պեկինում տեղի է ունեցել նաև առևտրային-տնտեսական համագործակցության հարցերով չին-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը, որի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։