Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը Իտալիայի դեսպան Լուիջի Մատիոլոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ կողմից ֆինանսավարկային քաղաքականության մասին բանակցային գլխի առաջիկա բացման մասին:
«Մենք ակնկալում ենք, որ դեկտեմբերի 14-15-ին կբացվի 17-րդ բանակցային գլուխը, որն առնչվում է տնտեսական ու դրամական քաղաքականությանը։ 2016 թվականին կարող է բացվել ևս 5-6 բանակցային գլուխ»,- նշել է նա։
Բոզքըրը հաստատել է, որ նոյեմբերի 29-ին Բրյուսելում անցկացվելու է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը, որը նվիրված է լինելու փախստականների հոսքի խնդրի լուծմանը։ Բոզքըրը կարևորել է նաև ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունների զարգացումը։ Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 150 միլիարդ դոլար, ինչը կարելի է հասցնել մինչև 300 միլիարդ դոլարի։
ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է կատարի 35 բանակցային գլուխների պահանջները։ Մինչ այժմ Թուրքիան կատարել է դրանցից 14-ը։ Եվս 4-ի շուրջ բանակցություններն ընթացքի մեջ են, իսկ մնացյալ 17-ն արգելափակված է ԵՄ անդամ տարբեր երկրների կողմից։