Meydan TV-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԳԱԱ Աշխարհագրության ինստիտուտը տագնապ է բարձրացրել ժողովրդագրական ճգնաժամի կապակցությամբ։ Ինստիտուտի տնօրեն Ռամիզ Մամեդովը հայտարարել է, որ երկրում նկատվում է բնակչության խտության անհավասարակշռության խախտում։
Եթե Ապշերոնի թերակղզում կա գերբնակեցվածության խնդիր, ապա լեռնային շրջանում նկատվում է բնակչության արտահոսք։ Նրա տվյալներով՝ ներկայումս երկրի աշխատունակ բնակչության տեսակարար կշիռը կազմում է 71.8 տոկոս. «Ի հայտ է եկել բնակչության տարիքային կազմի լուրջ անհամապատասխանություն։ Առաջիկա 10-15 տարում թոշակային տարիքի անձանց թիվը և բնակչության ընդհանուր թվաքանակում նրանց մասնաբաժինը կաճի մի քանի անգամ։
Դա կարող է լուրջ խնդիր առաջացնել բնակչության թվաքանակի աճի և երկրին աշխատուժ ապահովելու համար։ Խնդրի լուծումը կայանում է փոքր և միջին քաղաքների զարգացման մեջ։ Երկրում բնակչության տարեկան միջին աճը կազմում է 1.2 տոկոս»։