Այսօր Նորք-Մարաշում հանցավոր զինված խմբի վնասազերծված անդամներից Արթուր Վարդանյանը, ով Ազգային անվտանգության ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ ներկայացվում է որպես հանցավոր խմբի ղեկավար, «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության նախագահն է։ Նա բնակվում է Իսպանիայի Մալիա քաղաքում, սակայն ՀՀ քաղաքացի է։
Համացանցում անգամ այս խմբի տեսաուղերձը կա Քեսաբից, որտեղ նրանք հայտարարում են վարձկան ահաբեկիչների դեմ զինված դիմադրություն սկսելու մասին։
Ի դեպ, ձերբակալվածներից Նելլի Մինասյանը ևս «Հայոց Վահան»-ի անդամ է։ Նրա ֆեյսբուքյան էջում կան այս կազմակերպության բազմաթիվ լուսանկարներ, լոգոներ, որոնք հայտնաբերվել են նաև Նորքի առանձնատանը։
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան՝ ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: