«Ես կարծում եմ՝ ռուս-թուրքական լարումը նոր չի սկսվել, իսկ երբ Ասադի հրավերով Ռուսաստանը ռազմական ուժեր մտցրեց և սկսեց Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարը, պարզ դարձավ, որ այստեղ բավականին լուրջ բախում է տեղի ունենալու՝ հատկապես Թուրքիայի և Ռուսաստանի միջև»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը՝ գնահատելով այսօր ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի կործանման փաստը:
Նրա խոսքով՝ Պուտինն արդեն բավական բաց տեքստով հայտնեց, որ իսլամիստ գրոհայիններին աջակցում և ֆինանսավորում է Թուրքիան, ընդ որում՝ նրանց ֆինանսավորող 40 պետությունների թվում է նաև Ադրբեջանը. «Ի վերջո՝ ոչ Էրդողանը, ոչ Դավութօղլուն չեն թաքցնում Օսմանյան կայսրություն ստեղծելու իրենց նկրտումները»:
Գառնիկ Իսագուլյանը վստահ է, որ բանը չի հասնի, սակայն, ռուս-թուրքական պատերազմական գործողությունների: «Հայաստանը, կարծում եմ, առայժմ անհանգստանալու առիթ չունի, թեև ոչինչ բացառված չէ: Այս իրավիճակում Ադրբեջանը կորդեգրի սպասողական վիճակ, իսկ Երևանն ու Ստեփանակերտը պետք է կարողանան փաստը ճիշտ օգտագործել՝ ի նպաստ մեր խնդիրների լուծման»,- կարծում է Գ. Իսագուլյանը: