Դեկտեմբերի 6-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների համապետական հանրաքվեին հաշված օրեր են մնացել: Նախընտրական քարոզչություն, մարզային հանդիպումներ, «այո»-ի ու «ոչ»-ի պայքար հանրապետության ողջ տարածքով:
Երևանից ոչ այնքան հեռու՝ Կոտայքի մարզի Արգել գյուղը ևս բացառություն չէ:
Մեր այցելությունից րոպեներ առաջ գյուղապետարանում ավարտվել էր գյուղացիների ու գյուղապետի հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նշեց գյուղապետ Մաթևոս Ավագյանը, տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկում, բաժանվել են «այո»-ի քարոզչական շտաբի նախընտրական գրքույկներ:
Չնայած գյուղապետը խոստովանում է, որ գյուղում սոցիալական խնդիրները շատ են, բայց սահմանադրական փոփոխությունների նախագիծը ուսումնասիրելուց հետո համոզվել է՝ խնդիրները կկրճատվեն կամ իսպառ կվերանան:
Գյուղապետի հետ զրույցից հետո այցելեցինք Արգել գյուղի միակ քարոզչական շտաբը, որտեղ, ըստ գյուղապետի, նախընտրական աշխատանքներ են տարվում: Գյուղապետարանի պատուհանից դուրս, սակայն, բոլորովին այլ պատկեր էր:
Սահմանադրական բարեփոխումներին «այո» ասող հանրապետականների շտաբում մթնոլորտը թեժ էր, բայց ոչ՝ նախընտրական: Շտաբի ներկայացուցիչներից, ասել է թե՝ «այո»-ի քարոզիչներից փորձեցինք ճշտել, թե որ փուլում են քարոզչական աշխատանքները: Պատասխանը, սակայն, հուսադրող չէր:
Չնայած ինչպես գյուղապետարանում, այնպես էլ շտաբում մեզ վստահեցրին, որ քարոզչական աշխատանքներ տարվում են, և գյուղացիները լավատեղյակ են առաջիկա հանրաքվեից ու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններից, այնուամենայնիվ՝ որոշեցինք ճշտել հենց գյուղացիներից: