Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ATP-ի ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչին պարտվելուց հետո խոստովանել է, որ դեռևս պատրաստ չէ մրցակցել աշխարհի 1-ին համարի հետ:
«Ես կարող եմ մրցակցել բոլոր թոփ-թենիսիստների հետ, սակայն ոչ Ջոկովիչի: Ինձ համար սա մեծ առաջընթաց է, սակայն դեռևս բավարար չեմ համարում:
Եթե անկեղծ ասեմ, ապա հիմա չեմ մարզվում Ռոջերին կամ Նովակին հաղթելու համար, այլ պարզապես ցանկանում եմ որակներս վերականգնել: Երբ արդեն ամբողջությամբ վերականգնվեմ, այդ ժամանակ կտեսնենք՝ կարո՞ղ եմ նրանց հաղթել, թե՞ ոչ:
Վերջին մի քանի ամիսներին ես անհամեմատ ավելի եմ ուժեղացել, քանի որ տքնաջան մարզվում եմ: Իմ մյուս քայլը մարզումները շարունակելն է, որպեսզի հաջողությունը թակի դուռս:
Ես գիտեմ՝ ինչ պետք է անեմ, որպեսզի կարողանամ մրցակցել Նովակի հետ: Կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ գնում է այնպես, ինչպես ես եմ նախատեսել: Հաջորդ մրցաշրջանում արդեն շատ բան կփոխվի: Հիմա հանգստանալու ժամանակն է, որից հետո արդեն կսկսեմ աշխատել նոր թափով»,- «Eurosport»-ը փոխանցում է Նադալի խոսքը: