Գերմանիայի Հանովեր քաղաքում TUI Arena մարզապալատում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու մենամարտը:
Գոտու տիրակալ Արթուր Աբրահամը (43-4-0) մենամարտեց բրիտանացի Մարտին Մարեյի հետ: Արդեն առաջին ռաունդում պարզ դարձավ, որ Արթուրին հզոր մրցակից է բաժին հասել: Մարեյը մի քանի ուժգին հարվածով ցույց տվեց, որ Հանովեր չի ժամանել դիտորդի կարգավիճակում:
Ընդհանուր առմամբ մենամարտն անցավ հավասար և լարված պայքարում: Մարեյը ժամանակ առ ժամանակ կատարում էր արգելված հարվածներ գոտկատեղից ներքև, ծոծորակին, կատարում անթույլատրելի խորության սուզումներ:
Արթուրի օգտին էին հատկապես 7-րդ և 9-րդ ռաունդները, երբ նա դիմային հարվածներով կարևոր միավորներ վաստակեց: Միավորների տարբերությամբ հաղթանակը շնորհվեց Արթուր Աբրահամին (115-112, 112-115, 116-111):
Այպիսով Արթուրը պաշտպանեց չեմպիոնական գոտին: Հիշեցնենք, որ վերոգրյալ մենամարտի պայմանագրում նշված էր կետ նաև ռևանշ մենամարտի մասին: