«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ ուժերից «Ժառանգություն» կուսակցության Լոռու մարզային կառույցի երիտասարդական խորհրդի անդամ Գևորգ Քոթանջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք տեղեկություն են ստացել այն մասին, որ այս պահին Վանաձորի թիվ 3 միջնակարգ դպրոցում Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը և Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը ուսանողների հետ դռնփակ քարոզչություն են իրականացնում։
«Արգելվել է բոլորին ձայնագրիչ, տեսանկարահանող սարքեր կամ նման այլ իրեր օգտագործելը։ Ինֆորմացիան ստացել ենք ուսանողներից, որոնց ևս հրավիրել էին այդ հանդիպմանը, սակայն նրանք չեն գնացել, այդքանով էլ հավաստի է ինֆորմացիան»,- մանրամասնեց Գևորգ Քոթանջյանը։
Վերջինս հավելեց, որ ինքը ևս փորձել է գնալ այդ հանդիպմանը, ճշտել ստացած ինֆորմացիան, սակայն նրան թույլ չեն տվել ներս մտնել. «Իսկ թե ովքեր են մասնակցում այդ հանդիպմանը հիմա՝ չեմ կարող ասել, տեղյակ չեմ»։