Նավթի գները մինչև 2020 թվականը մեկ բարելի դիմաց կհասնեն 80 դոլարի, չնայած ներդրումների աննախադեպ նվազմանը՝ կարծում է Միջազգային էներգետիկ գործակալությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Գործակալության գնահատականներով՝ այս տարի ներդրումները նավթային ոլորտում կնվազեն 20 տոկոսով։ Կանխատեսվում է անկման շարունակություն նաև հաջորդ տարի՝ հայտնել է գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը։
Նա նշել է, որ երկու տարի անընդմեջ ներդումների կրճատումը առաջիկա տարիներին կարող է ազդել նավթի շուկայի վրա։
Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումները համընկնում են ՕՊԵԿ-ի կանխատեսումների հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը սպասում է, որ նավթի միջին գինը 2020 թվականին կարող է հասնել մեկ բարելի դիմաց 80 դոլարի։