«Հովիկ Աբրահամյանի կողմից շտաբի պետի պաշտոնը զբաղեցնելը ոչ թե օրենքի խնդիր է, այլ իրավունքի: Օրենքը չի արգելում, որ վարչապետը զբաղվի քարոզչությամբ, սակայն նաև չի կարգավորում, թե արդյոք տվյալ պետության վարչապետը կարո՞ղ է հանդես գալ որպես շտաբի պետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է օրինական վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ շտաբի պետի պաշտոնում նշանակումը:
Մեր զրուցակցի խոսքով՝ այս դեպքում կա վարչապետի և շտաբի պետի գործունեության նույնականացում. «Այնուամենայնիվ, նման քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնողը, իմ կարծիքով՝ պետք է ձեռնպահ մնար այդ պաշտոնից, որովհետև դա կարող է հանգեցնել այն բանին, որ պետության ներսում խախտվի բալանսը»:
Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ հանրաքվեով մտահոգ ուժերը պետք է օրենսդրական բացերի խնդիրը ժամանակին վիճարկեին ՍԴ-ում. «Որովհետև միանշանակ չէ՝ վարչապետն իրավունք ունի՞ զբաղեցնելու շտաբի պետի պաշտոնը, թե՞ ոչ»: