«ԲՀԿ-ում չկա Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին մշտական հանձնաժողովների պաշտոններից ետ կանչելու մասին քննարկում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու և «կողմ» չքվեարկելու համար որոշել էր այս երկու պաշտոնյաներին ետ կանչել միջազգային կառույցներում Հայաստանի պատվիրակության կազմից: Եվ որպեսզի այդ ետ կանչելը շատ ցայտուն չլինի, որոշել էին նման կառույցներից ետ կանչել նաև Նաիրա Զոհրաբյանին և Միքայել Մելքումյանին: ԲՀԿ-ն նաև չէր բացառում Է.Վարդանյանին ու Ս.Մարգարյանին ետ կանչել նաև մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոններից: Պատգամավորներից Է.Վարդանյանը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, իսկ Ս.Մարգարյանը գլխավորում է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը:
Հիմա, փաստորեն, ԲՀԿ-ն փոշմանել է, և որոշել է այս պատգամավորներին ետ չկանչել մշտական հանձնաժողովի նախագահների պաշտոններից: Չի բացառվում, որ ԲՀԿ-ն փոշմանել է զուտ այն պատճառով, որ դա բավականին լուրջ գործընթաց է, այն պետք է կատարվի փակ-գաղտնի քվեարկությամբ, և չի բացառվում, որ այդ հարցում նրանք ձախողվեն: Ամեն դեպքում այս պահին նման հարց չեն քննարկում: «Դա մեր խմբակցության որոշելու հարցն է, իսկ մենք նման հարց այս պահի դրությամբ չենք դնում: Նրանք այս պահին ղեկավարում են այդ հանձնաժողովները»,- եզրափակեց Վ.Էնֆիաջյանը: