Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները, ճիշտ է, անցել են խաղաղ պայմաններում, սակայն դրանք չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ֆիլիպ Քրոուլին: «Մենք պաշտպանում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականն այն մասին, որ ընտրությունների կազմակերպումը ընդհանուր առմամբ բավարար չէ երկրում ժողովրդավարության զարգացման հարցում էական առաջընթաց արձանագրելու համար», -հավելել է Քրոուլին, տեղեկացնում են ԱՄՆ պետքարտուղարության լրատվական ծառայությունից:
Նրա խոսքով, եղել են «լուրջ խնդիրներ» նախընտրական, ինչպես նաև հենց բուն ընտրական գործընթացի ժամանակ:
«Մենք կիսում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության արտահայտած մտահոգություններն այն մասին, որ պատգամավորական թեկնածուների նախընտրական քարոզարշավի լուսաբանումը լրատվամիջոցներով հավասարակշռված չի կատարվել, շարունակվել են խոսքի և ազատության արտահայտման սահմանափակումները: Ընտրությունների օրը Բաքվում ԱՄՆ դեսպանատան դիտորդները, ինչպես իրենց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդ գործընկերները, նկատել են լուրջ բռնություններ, ինչպես, օրինակ, քվեատուփի լցոնումն է», -հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան:
Այսքանով հանդերձ` Քրոուլին կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը կենտրոնանալ ստացված բողոքների դատական օպերատիվ, արդար ու թափանցիկ քննության վրա` երաշխավորելով, որ դրանում մեղավոր պաշտոնատար անձինք պատասխանատվության կենթարկվեն: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել խոսքի, հավաքների ազատությունը», -եզրափակել է Քրոուլին: