«Հայաստանի և Եվրամիության միջև ցանկացած շփում գոնե առաջին փուլում կբերի անվստահության մթնոլորտի վերացման և փոխադարձ վստահության, փոխադարձ շահերի բացահայտման: Այսինքն՝ նոր հիմքերի ստեղծման»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գնահատելով Լյուքսեմբուրգում նախարարների կողմից Եվրահանձնաժողովին տրված մանդատը՝ Հայաստանի հետ բանակցելու նոր շրջանակային փաստաթղթի շուրջ, ասաց Երևանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նրա խոսքով՝ 2013-ի սեպտեմբերի 3-ից հետո կողմերի միջև փոխգործակցության, վստահության բազան էապես նվազել էր, որովհետև այդ ժամանակ մեր իշխանությունները Ասոցացման համաձայնագրից հանկարծակի հրաժարվեցին և տրամագծորեն հակառակ որոշումը կայացրեցին: Սակայն Արթուր Ղազինյանը չի համարում, որ այս որոշումը շոկային պետք է լիներ ԵՄ համար, քանի որ նրանք պետք է սպասեին նման որոշման. «Մինչդեռ Եվրամիությունը շոկի մեջ ընկավ՝ մեզ էլ գցելով շոկի մեջ»:
«Եվ սա կարծես առաջին փորձն է՝ այդ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու և ընդհանուր շահերը գիտակցելու, ինչը ողջունելի է»,- ասաց Արթուր Ղազինյանը:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ առևտրային-տնտեսական հարաբերություններին, ապա ինչպես ասաց Արթուր Ղազինյանը. «Թե ինչի շուրջ պետք է բանակցեն ԵՄ-ն և Հայաստանը, անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում: Ես այստեղ տեսնում եմ մեկ հնարավորություն՝ որ կիրառվի ուկրաինական մոդելը, այսինքն՝ վարվեն եռակողմ բանակցություններ, Ռուսաստանը նույնպես մասնակցի»: