Թուրքական Dogan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանությունը փրկել է ավելի քան 200 ներգաղթյալի, որոնց թողել էին բեռնատարի փակ թափքում։ Բեռնատարի վարորդը հեռացել էր՝ աշխատող շարժիչով մեքենան թողնելով ավտոկանգառում։
Միջադեպը գրանցվել է Իզմիրի նահանգում։ Բեռնատարի մեջ գտնվել են սիրիացի փախստականներ, որոնք մտադիր են եղել մեկնել Եվրոպա։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել մերձակա տների բնակիչների զանգերից հետո, որոնք անհանգստացել են բեռնատարից հնչող մարդկային հուսահատ աղաղակներից։ Վերջին երեք օրերին թուրքական սահմանապահ ծառայությունը ընդհանուր առմամբ փրկել է 1361 ներգաղթյալի։