Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Արազյանի նախագահությամբ ավարտվել է 36-ամյա տղամարդու գործի քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ տղամարդը շուրջ երկու տարի առաջ vk.com կայքի իր անհատական էջի «Տեսանյութեր» բաժնում պոռնկագրական տեսանյութ է տեղադրել՝ «Չապաև 1» ռուսական գեղարվեստական տեսանյութը, որն ազատ հասանելի է եղել համացանցի օգտատերերին:
Դատամշակութաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ հաստատվել է, որ տեսանյութը պոռնկագրական բնույթ ունի:
Ամբաստանյալին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:
Դատարանում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը հաշվի է առել ամբաստանյալի անձը բնութագրող հատկանիշները՝ նա բարձրագույն մանկավարժական կրթություն ունի, ամուսնացած է, բնութագրվել է որպես ազնիվ, աշխատասեր, հարգանք վայելող մարդ:
Դատարանը հաստատված է գնահատել ամբաստանյալի մեղքը և նրան դատապարտել է 300 հազար դրամ տուգանքի: