ԱՄՆ ՊՆ-ն ստացել է ռուսական ռազմական գերատեսչության պաշտոնական պատասխանը, որը վերաբերում է Սիրիայի օդային տարածքի անվտանգության ապահովման Պենտագոնի առաջարկին։ Այս մասին հայտնել է ամերիկյան ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ Մոսկվան համաձայնել է Վաշինգտոնի հետ քննարկել գործողությունները՝ ուղղված մարտական թռիչքների ժամանակ կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելուն։ «Պենտագոնում ուսումնասիրում են Ռուսաստանի պատասխանը, բանակցություններն ըստ ամենայնի կանցկացվեն հանգստյան օրերից ոչ ուշ»,- հստակեցրել է Կուկը։
Պենտագոնը հոկտեմբերի 6-ին Մոսկվային կոչ է արել շտապ պատասխանել Սիրիայի օդային տարածքում փոխգործակցության կանոնների համաձայնեցման հայցին։