Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հոկտեմբերի 9-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լիտվական կողմից` Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրիուս Կրիվասը:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու նոր հնարավորությունները, այդ թվում` քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտակրթական և հումանիտար բնագավառներում:
Կողմերը գոհունակություն են հայտնել վերջին շրջանում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արձանագրված ակտիվության կապակցությամբ։ Կարևորվել է փոխգործակցությունը բազմակողմ դիվանագիտության հարթակներում ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաև քաղաքական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ներկա փուլի գերակայություններին և համագործակցային հեռանկարներին։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրների շուրջ: Քննարկվել են արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի հետ կապված վերջին զարգացումները: Փոխնախարար Նազարյանը լիտվական պատվիրակությանը հանգամանալից ներկայացրել է նաև ադրբեջանական սադրանքների հետևանքներն ու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները: